Այս պահին ինժեներական աշխատանքներ են ընթանում առաջնագծում: Այս մասին ապրիլի 20-ին, պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաեւ շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:

«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը, այլ նաեւ՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսեւորեցիք ձեզ՝ մեծ պատրաստակամությամբ ներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, եւ մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես եւս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը: Այդ պատճառով հորդորում եմ բոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենք հանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկ իրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները: Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման եւ տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին:

Ա. Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, եւ կառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին եւ արդյունավետ կազմակերպման նպատակով: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Գործադիր մարմնի ղեկավարը, կարեւորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ: