Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրած, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը մտադիր է իրենց կուսակցության ներսում խումբ ձեւավորել եւ զբաղվել Հրազդանի քաղաքապետի գործունեությամբ:

Այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկն ընդգծեց, որ ինքը չի հուսահատվել եւ շարունակել է մնալ քաղաքականության մեջ:

«Մեր ստեղծած խումբը վերահսկելու է Արամ Դանիելյանի գործունեությունը: Մենք հետեւողական ենք լինելու: Հրազդանում ահավոր վիճակ է. 14 տարի մի հատ գործ չի արվել, հիմա  մենք հետեւողական ենք լինելու, որ Արամ Դանիելյանն իր խոստումները կատարի»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով ապրիլի 17-ին կայացած ընտրություններում գրանցված արդյունքներին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել. «Անկանխատեսելի բան չկար, իշխանությունները կատարեցին այն, ինչ պիտի կատարեին. ընտրակաշառք են բաժանել, մեծ ճնշումներ են եղել պետական ծառայողների նկատմամբ: Ոչ մի բան չի փոխվել, հատկապես քառօրյա պատերազմից հետո հետեւություններ չեն արել իշխանությունները»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանը: Նա ստացել է 12 հազար 510 ձայն (50,3 տոկոս): Դանիելյանի հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 հազար 267 ձայն (42 տոկոս), իսկ «Հայկական վերածնունդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս):

Անվավեր է ճանաչվել 813 քվեաթերթիկ: