Հայկական ու ռուսական մամուլում Ղարաբաղի վերաբերյալ հրապարակումների մեծ մասը հեռու է իրականությունից: Այս մասին Կառավարության նիստից հետո ապրիլի 21-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի սպասվող այցը Երեւան:
Քոչարյանի խոսքով, Լավրովի այցի ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Եվ իհարկե հնարավոր չի լինի շրջանցել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, մանավանդ վերջին իրադարձությունների ֆոնին:
«Մամուլում հիմա հայտնվում են հրապարակումներ, որոնց մեծ մասը հեռու է իրականությունից: Պետք է առաջնորդվել միայն պաշտոնական հայտարարություններով: Այն ինչ առաջարկել են համանախագահները՝ այն չէ, ինչի մասին երազում է հայկական կողմը, բայց դրա հիմքում փոխզիջումների տարբերակն է: Ասեմ ավելին՝ կա երկարաժամկետ հեռանկարում հանրաքվեի գաղափարը: Չնայած հանրաքվե արդեն եղել է, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ այն ժամանակվա Սահմանադրության համաձայն, արտահայտել է իր կամքը: Երկարաժամկետ հեռանկարում հանրաքվե անցկացնելու գաղափարը ուղղված է նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը ու ժամանակ ստանան իրենց ժողովրդին այդ հանրաքվեի անհրաժեշտությունը բացատրելու համար: Քանի որ դրա արդյունքը, ելնելով ամրագրված պայմաններից, կանխատեսելի է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Բաքվի իշխանությունները ժամանակը օգտագործում են ոչ թե իրենց ժողովրդին դա բացատրելու համար, այլ հակառակ նպատակներով: Սա արդեն ստիպում է բանակցել այլ մոտեցումների մասին»:





























