Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում օրերս մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ բուժական միջոցառումներից հետո, ցավոք, չի հաջողվել փրկել զինվորի կյանքը:
«Գնդակը խոցել էր գլխուղեղը, եւ մահը վրա է հասել ուղեղի զարգացող այտուցից»,-նշել է Մուրադյանը:
Ներկայումս Երեւանում Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավորականներ կան, նրանց այրվածքի մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:
«Կարծում եմ՝ հետագայում նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որեւէ բան չի սպառնում»,-ընդգծել է առողջապահության նախարարը:





























