Հայաստանի Հանրապետությունը շարունակում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համահունչ աշխատանքները՝ ուղղված ՀՀ դատական համակարգի բարեփոխմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Սոֆիայում մեկնարկած «Դատական համակարգի անկախության եւ անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համատեքստում նախարարը կարեւորել է Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը եւ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունը: Նրա խոսքով՝ այս ռազմավարական ծրագիրն ընդգրկում է քրեական, քաղաքացիական եւ վարչական արդարադատությունը, ինչպես նաեւ դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը: Արփինե Հովհաննիսյանը հատկանշական է համարել նաեւ 2015 թվականի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությունը, որն ապահովում է իրավունքի գերակայության սկզբունքի շարունակական ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները, դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական ընթացակարգերի զարգացումը: Այդ առումով նախարարը կարեւորել է ԵԽ մասնակցությունը՝ նոր Սահմանադրությանը համահունչ Դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի նպատակը Եվրոպայի խորհրդի եւ նրա անդամ պետությունների միջեւ երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ եւ անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաեւ ԵԽ կառույցների եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























