Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մարտավարական խնդիրներում մեր դաշնակիցը չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը մարտավարական առումով Ադրբեջանի դաշնակիցն է, որին անվանել է ռազմավարական գործընկեր:

Նրա խոսքով, Մոսկվան չի կարող անտեսել Բաքվին, որովհետեւ Ադրբեջանը շուտով կարող է ամբողջովին հայտնվել Թուրքիայի գրկում, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-նկմտնի Հարավային Կովկաս: «Դրանով է պայմանավորված Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքը»,-կարծիք է հայտնել պատմաբանը:

Նա նկատել է, որ ինչպես 20-րդ դարի սկզբին Ռուսաստանը փորձեց հայկական հողերի հաշվին մերձենալ Թուրքիային, այնպես էլ հիմա հայկական հողերի հաշվին փորձում է Ադրբեջանին պահել իր ուղեծրում: Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանին ռուսական ուղեծրում պահելու միակ տարբերակը Ղարաբաղի հարցն է: