Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը գործով վկա Լիլիթ Սուքիասյանին ծանոթության ժամանակ ներկայացել է 31 տարեկան, միասին աշխատել են «Նարնջագույն փղիկ» մանկական զարգացման կենտրոնում: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Լիլիթ Սուքիասյանը:
«Մենք ծանոթացել ենք 2013թ-ին` «Նարնջագույն փղիկ» զարգացման կենտրոնում, միասին աշխատել ենք: Հետո հարաբերություններն այնպես ընթացան, որ նա իբր սիրում էր ինձ, բայց ծնողներս արգելեցին նրա հետ շփվել եւ մեր կապը խզվեց: Նա խաբել է ինձ, ասել էր, որ 31 տարեկան է»,- նշեց Լիլիթ Սուքիասյանը:
Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն ընդհատեց. «Իբր չէ, ես Լիլիթին սիրել եւ սիրում եմ, նա իմ թշնամին չէ»:
Գործով վկա Լիլիթ Սուքիասյանի տեղեկացմամբ` մոտ երկու տարի անց Մուշեղը կրկին հայտնվել է, ասել, որ ամուսնացել է եւ երեխա ունի;
«Անընդհատ զանգում ու ասում էր, որ միայն ինձ է սիրում, որ հանդիպենք: Ասացի` արի հանդիպենք ու վերջ տանք այս ամենին: Մուշեղն ասաց, որ իրեն շքամուտքում սպառնացել են, որ զգույշ լինեմ, քանի որ իր հետ կապ ունեմ, հնարավոր է, որ ինձ էլ վնասեն»,- նշեց Լիլիթ Սուքիասյանը:
Նրա խոսքով`իրեն հենց Մուշեղն է տեղեկացրել Անի Մամջնունյանի սպանության մասին
«Մուշեղն ինձ ասել էր, որ իր մտերիմներիցից մեկը` Անի Մաջնունյանը, իրեն որոշ հարցերում օգնում է: Մի օր էլ այգում հանդիպեցինք, ասաց, որ իր ընկերուհուն, այսինքն` ծանոթ-մտերիմին` Անիին, սպանել են: Դրանից հետո ես նրան այլեւս չեմ տեսել»,- ասաց Լիլիթ Սուքիասյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:
Նշենք, որ ապրիլի 14-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին հարցաքննվեց նաեւ գործով կարեւոր վկաներից Աննա Միսակյանը, որը նշեց, որ էքստրասենսի սպանության օրը եղել է ամբաստանյալի հետ, նախաքննական փուլում ներկայացրած իր ցուցմունքները ճիշտ են եւ էքստրասենսին սպանել է Մուշեղ Մխիթարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:





























