Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը 2015թ-ի օգոստոսի 4-ին վաղ առավոտյան, արթնացրել է իր հարեւան Էդգար Գասպարյանին, ասել, որ իրեն սպառնում են եւ խնդրել, որ գնա իր տուն: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Էդգար Գասպարյանը (մականունը` Բադո):

«Քնած էի, առավոտ գիշերով եկավ արթնացրեց, ասաց, որ իրեն սպառնացել են երկու տղա` մեկը` բոյով, մյուսը` կոլոտ, ասել, որ կսպանեն կնոջն ու երեխային: Շատ վախեցած տեսք ուներ, դե ում էլ նման բան ասեին, կվախենար»,- իր ցուցմունքում նշեց Էդգար Գասպարյանը:

Նրա խոսքով` նույն օրը Մուշեղն իրեն  խնդրել է գնալ իր տուն եւ նստել մի փոքր իր տանը:

«Գնացի, Մուշեղը մենակ չէր, տանն աղջիկ կար: Մուշեղը պառկեց, սկսեց նորից պատմել իրեն սպառնացողների մասին: Հինգ րոպե նստեցի ու դուրս եկա, գնացի նորից քնեցի: Դրանից հետո այլեւս Մուշեղին չեմ տեսել»,- ասաց Էդգար Գասպարյանը:

Նրա խոսքով` Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի հետ ծանոթացել է նախորդ տարվա մարտին, երբ նոր էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

«Ռուսաստանից եկա, գործ էի փնտրում, Մուշեղն ասաց, որ կարող է ինձ օգնել թիկնապահի գործ գտնել: Մեր ծանոթության ընթացքում միայն գործի բերումով ենք փշվել, ես նրանից վատ բան չեմ տեսել»,- ասաց Էդգար Գասպարյանը:

Դատական նիստի ընթացքում դատավորը մի քանի անգամ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին զգուշացրեց հետեւել վկաների ցուցմունքներին եւ  խուսափել հարցերի կրկնությունից, ինչին ի պատասխան Մուշեղ Մխիթարյանը նոթատետրը նետեց սեղանին եւ ասաց. «Հարգելի՜ դատավոր, գուցե ես վերախմբագրած եմ տալիս նույն հարցերը: Այլեւս հարցեր չունեմ»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին` ապրիլի 14-ին, Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Աննա Միսակյանը իր ցուցմունքում նշել էր, որ սպանության օրը եղել է ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի հետ եւ որ նա է սպանել Անի Մաջնունյանին:

«Հասանք Մուշեղենց բնակարան, նա փոխվեց, գրպանից հանեց ձեռնոցն ու դանակի կոթը, այրեց, ու մոխիրը դրեց իմ պայուսակի մեջ: Հետո կանչեց հարեւանին` Բադոյին, եւ մի պատմություն հնարեց, իբր իրենց միջանցքում երկու հոգի ահաբեկել են, ասել են, որ խելոք պահի, թե չէ կվնասեն իր սիրած աղջկան` Լիլիթին: ՈՒ քանի որ շատ հոգնած էր, քնեց բազմոցին»,- ասել էր Աննա Միսակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: