Մոսկվան միջազգային հանրության արձագանքին է սպասում Թուրքիայի հետ սահմանին սիրիացի փախստականների սպանությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Times թերթի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի սահմանապահները կրակ են բացել Սիրիայից փախստականների ուղղությամբ, ինչի հետեւանքով ութ մարդ զոհվել է, ներառյալ կանայք եւ երեխաներ: Սա առաջին նման դեպքը չէ:  Վերջին չորս ամսվա ընթացքում թուրքական սահմանապահների զոհ է դարձել    16 մարդ, ներառյալ երեք երեխա,-ասել է նա: Սպասում ենք Անկարայի եւ միազգային հանրության արձագանքին տվյալ տեղեկությանը»:

Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը կոչ է արել   «վերջ դնել թուրք-սիրիական սահմանին մղձավանջային իրավիճակին»: Բացի այդ, Զախարովան հայտնել է, որ Թուրքիան   Սիրիայում իրավիճակի խարխլման քաղաքականություն է վարում` թաքցնելով ծայրահեղականների գործողությունները: 

«Թուրքիան իր դաշնակիցների եւ գործընկերների լուռ համաձայնությամբ եւ չենք բացառում` աջակցությամբ շարունակում է Սիրիայում իրավիճակի հետագա խարխլման քաղաքականություն վարել, -ընդգծել է նա: Ուղղակիորեն, երբեմն` քողարկված, Անկարան աջակցում է ծայրահեղականներին եւ ահաբեկիչներին, որոնք հաստատվել են Սիրիայում եւ աջակցում է նրանց հակաօրինական գործողություններին»: «Տարբեր հարթակներում Ռուսաստանը հանրությանը տեղեկացնում է այդ հանցագործությունների մասին», - նշել է Զախարովան:

«Փետրվարի սկզբից ի վեր ՄԱԿ ԱԽ-ի գծով, պաշտոնական փաստաթղթի տեսքով չորս նյութ  է տարածվել, որոնք բացահայտում էին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու գործում Թուրքիայի դերը,-հիշեցրել է դիվանագետը: Խոսքը ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ ածխածինների անօրինական առեւտրի մասին է, ահաբեկիչների հավաքագրման եւ նրանց` սահմանն անցնելով Սիրիա տեղափոխմանն աջակցելուն, ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք զենքի եւ զինամթերքի անօրինական մատակարարումներին եւ հին իրերի մաքսանենգ առեւտրին: Այդ բոլոր փաստաթղթերը տեղադրված են  ՄԱԿ-ի կայքում»:

«Զարմանալի է, որ բոլոր այդ նյութերը, որոնցում մանրամասնորեն եւ հանգամանորեն նկարագրված են ամենահնարամիտ սխեմաներ, մինչեւ հիմա չեն գրավել համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը: Եվ նույնիսկ նրանց, որոնք հայտնի են իրենց լրագրողական հետաքննություններով, որոնց լրագրողներն աշխատում են Մերձավոր Արեւելքում եւ հավատարմագրված են ՄԱԿ-ում,-նշել է Զախարովան: Տպավորություն է ստեղծվում, թե նրանց ասել են` չնկատել, հետեւողականորեն անտեսել տվյալ խնդիրները»:

«Ուզում ենք ուշադրություն հրավիրել այս փաստաթղթերի վրա եւ հույս ունենք, որ դրանցում ներկայացված փաստերը հետաքրքրություն կառաջացնեն,-ասել է նա: Եվ լրագրողների շնորհիվ լայն հանրության մտահոգության առարկա կդառնան»: