Ով ասաց, որ առաջնագծում միայն անապահովներն են, ես էլ եմ առաջնագծում հիմա, անապահո՞վ եմ։ Այսպես արձագանքեց NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական  պատգամավոր, սնանկացած գործարար Աշոտ Աղաբաբյանը հանրության այս օրերի  այն հարցադրումներին, թե ինչպե՞ս է ստացվել, որ  առաջնագծում միայն անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողներն են։

«Ով ասաց, որ անապահովներն են միայն, ես էլ հենց հիմա առաջնագծում եմ,  անապահո՞վ եմ, բարձր դասի երեխաներն էլ են ստեղ, խնդիրը դա չի։  Ամենակարեւորն այն է, որ բոլորի դեմքին ժպիտ ու համարձակություն եմ տեսնում, ոնց որ իրենց հեչ պետքը չի, որ պատերազմ  են անցել, մարտական ճանապարհ են անցել»,-ասաց պատգամավորը։ 

Վերջինս նշեց, որ պետությունը պետք է կանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին, բանակ ուղարկվող օգնությունները ուղղվեն նրանց։

«Ես համարում եմ, որ Ղարաբաղի պատերազմը հայրենական է եւ շարունակվում է ու մենք կռվում ենք  հայրենական պատերազմի ոգով․․․ Ադրբեջանը փող ունի, զենք ունի, բայց մարտունակություն չունի․․․Մեր պետությունը պիտի կանգնի զոհվածների, վիրավորների  ընտանիքների կողքին․․․»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը ֆինանսկան խնդիրներ ունի։ Դեռեւս դատական գործընթացների մեջ է հարկային մարմնի հետ, որը նրան պատկանող  «Հրազդան»  տոնավաճառը տուգանել էր 60 միլիոն դրամով։  Դատական գործընթացների փուլում սնանկ  ճանաչվեց Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը, գրեթե ամբողջությամբ դատարկվեց տոնավաճառը։