Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունները հաստատեցին, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Այն պետք է լուծվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ապրիլի 22-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը բացման խոսքով ցավակցեց զոհվածների ընտանիքներին։

Լավրովը նշեց, որ այսօր առաջնայինը 1994-1995թթ. համաձայնագրերի անշեղորեն կատարումն է։ «Դրանք անժամկետ են եւ պետք է հարգվեն բոլորի կողմից։ Ռուսաստանը՝ որպես համանախագահող եռյակի անդամ, կանի ամեն բան, որպեսզի կողմերին աջակցություն ցուցաբերի։ Այս փուլում հրադադարի մասին համաձայնագրի կատարումից բացի, կարեւոր են անվտանգության միջոցների իրականցումն եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմների անկացնումը, որոնք ներկայացված են եղել 2011-ին եւ մշակվել են ԵԱՀԿ-ի կողմից»,- ասել է նա։

Լավրովը հավելեց, որ ՌԴ միջնորդությամբ վերջին տարիներին քայլեր են մշակվել՝ վստահության միջոցներ, մեխանիզմներ։ ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք շարժվել գործնական պլանում։ Նա կարեւոր է համարել, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտությունների կարգավորմանը, եւ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ այստեղ, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատվությունը։