ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ համաժողովի մասնակիցները սկզբունքային կլինեն։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Երեւանում ապրիլի 22-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսին Նալբանդյանը եւս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանում կայանալիք միջոցառման հարցում։
«Համաժողովը կոչված է պաշտպանել համամարդկային բարձր արժեքները։ Նման համաժողով անցկացնել մի երկրում, որտեղ դրանք կոպտագույնս ոտնահարվում են, ճիշտ չէ»,- ընդգծել է նախարարը եւ հիշեցրել ԱԳՆ տարածած հայտարարությունը եւ այդ հարցում միջոցառմանը փաստաթուղթ ընդունելու համար կոնսենսուսի բացակայությունը։
«Հուսամ, որ նրանք, ովքեր չեն կարողացել հրաժարվել մասնակցությունից, համարձակություն կգտնեն հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունների քաղաքականությունը, համաժողովի անցկացման վայրից մի քանի կմ հեռավորության վրա կատարված բարբարոսությունները համապատասխան կերպով քննադատելու համար»,- ասել է Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որը պլանավորել էր մասնակցել համաժողովին, անսպասելի կերպով չեղյալ է համարել իր այցելությունը Հարավային Կովկաս։





























