Եթե այդ քննադատները կարծում են, որ այն բոլոր քայլերը որ անում է հայկական դիվանագիտությունը եւ հայ դիվանագետները, մենք պետք է հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից կամ մեր աշխատանքի բնույթի ընկալումից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետո:

«Այստեղ խոսքը գաղտնիի կամ ոչ գաղտնիի մասին չէ, այլ ավելի արդյունավետ աշխատանքի մասին է: Եվ եթե այդ նույն քննադատները նայեն ԱԳՆ-ի կայքէջը, ապա գոնե այն մասով, որ հրապարակված է, կտեսնեն, որ իրադարձություններից առաջ, ընթացքում եւ հետո ինչ է արվել: Մարտի 30-ին ես Ժնեւում էի եւ ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը: Մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգթոնում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը, ամսի 3-ին արդեն Երեւանում ընդունում էի մի շարք պատվիրակությունների, ներառյալ Կնեսեթի պատվիրակությանը: Ամսի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում եւ համապատասխան փաստաթղթեր ստորագրում: Ամսի 5-7-ը Բեռլինում էի ՀՀ նախագահի հետ պաշտոնական այցելության ընթացքում, ամսի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի եւ Բորդյուժայի հետ, ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն էի մասնակցում, ամսի 9-ին Երեւանում ընդունում էի եռանախագահողներին, դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, դրանից հետո այցելություն Պեկին եւ այլն»,-նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, ՝բացի այդ, այդ ընթացքում ինքը շուրջ 4 տասնյակ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնք նվիրված են եղել հենց այդ իրադարձություններին: «Ինչպես ասացի, առաջին վայրկյաններից, հենց այս ագրեսիան սանձազերծվեց, առաջին կապը հաստատվել էր ԱԳ նախարար Լավրովի հետ եւ շարունակվել էին տարբեր երկրների իմ գործընկերների հետ: Սա միայն ԱԳ նախարարի մասով, բայց մեծ ծավալի աշխատանք էին կատարում ԱԳՆ մյուս բոլոր կառույցներ, նաեւ դեսպանությունները»,-նշեց նախարարն ու հավելեց. «Մենք կառուցողական քննադատությանը լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել նաեւ բացթողումները, բայց բերված քննադատությունը շինծու է եւ սին»: