Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն հարված է հասցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարի խոսքով՝ այս պահին հայկական կողմը Ռուսաստանի եւ ՄԽ մյուս համանախագահների հետ համատեղ փորձում է հաղթահարել Ադրբեջանի ստեղծած խոչընդոտները։

Նալբանդյանը նշեց, որ առաջին հերթին պետք է ամբողջովին վերականգնել հրադադարի մասին համաձայնագիրը, պայմաններ ստեղծել բանակցությունները նորմալ հունի վերադարձնելու համար։ Նախարարի խոսքով՝ ուժի կիրառումն անընդունելի է, եւ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ «Ադրբեջանը չպետք է գայթակղություն ունենա, որ հակամարտությունը կարելի է ուժով լուծել»,- ասել է Նալբանդյանը։