Հայկական բանակի նոր գործառույթն է բացառել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ապրիլի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, պաշտոնական ադրբեջանական հռետորաբանությունում ակնհայտ են ցեղասպանություն իրականացնելու նպատակները: «Ապրիլյան իրադարձությունները վկայում են այն մասին, որ դա դատարկ հռետորաբանություն չէ, այլ ակնհայտ սպառնալիք է պարունակում: Ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված հանցագործություններն ապացուցում են, որ այսուհետ մենք հայոց բանակին ու ամբողջ հայ ժողովրդին կարող ենք տալ ցեղասպանության կանխման գործառույթ», -նշել է Դեմոյանը: Նա համարում է, որ հայկական կողմը պետք է կարողանա միջազգային ատյաններում բացատրել, որ եթե պատժվելու քաղաքականություն չիրականացվի՝ ապա հաջորդ քայլը կլինի ցեղասպանության իրականացումը: «Մենք չպետք է խուսափենք ցեղասպանություն բառից»,- վստահ է Հայկ Դեմոյանը: