Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 44-ամյա բնակչուհի Թամարա Կարապետյանը, որը մեղադրվում էր ալկոհոլի ազդեցության տակ եղբորը դանակի վեց հարված հասցնելու մեջ, դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ըստ մեղադրականի՝ Թամարա Կարապետյանը նախորդ տարվա վերջին Մրգաշատ գյուղի իր տանը, ալկոհոլի ազդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ վիճել է եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի հետ, ապա սեղանից վերցրել է խոհանոցային դանակը եւ վեց անգամ հարվածել է վերջինիս որովայնին եւ կրծքավանդակի ձախ հատվածին:

Գրիգոր Կարապետյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող 1 եւ չթափանցող 5 կտրած-ծակած վնասվածքների ձեւով:

Թամարա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: