Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Դիլյարա Ալիեւայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ Նովելլա Ջաֆարօղլուին, հայտնում են, որ սեպտեմբերին Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը ընտանիքի հետ մեկնել է երրորդ երկիր։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ջաֆարօղլուն չի կարողացել հայտնել, թե կոնկրետ որ երկիր են ուղարկել Մարտիրոսյանների ընտանիքին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ եւ երեխայի հետ Բաքվում է եւ քաղաքական ապաստան է խնդրում։ Նրա փախուստին տարօրինակ պատմություն էր նախորդել։ Մարտիրոսյանը պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատին մեղադրել էր իրեն ծեծելու մեջ։ Մարտիրոսյանի՝ Բաքվում հայտնվելուց անմիջապես հետո պարզվել էր, որ նա խոշոր գումար գողանալու գործով քննության տակ է եղել, ընդ որում, մեղադրյալի կարգավիճակով, իսկ սեպտեմբերի 9-ից հետախուզման մեջ էր գտնվում։