Ադրբեջանը դիվանագիտության մեջ այսօր արձանագրեց անհաջողություն, երբ ՌԴ արտգործնախարարը Երեւանում հայտարարեց, որ գործելու է եւ գործում է բացառապես 1994թ. զինադադարն իր բոլոր պայմաններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցին եւ հնչեցրած տեսակետներին:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի ցանկությունը՝ փոխելու բանակցային գործընթացը, նոր փաստաթուղթ ի հայտ բերելու, չստացվեց եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մնում է՝ որպես այս բանակցային գործընթացի կողմ: Սա շատ կարեւոր է: Երկրորդ, օրեր շարունակ խոսում էին, թե Լավրովը Հայաստան է գալիս նոր փաստաթղթով, զիջումներ է պարտադրելու: Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ ասաց, որ նոր փաստաթուղթ չի բերել, չկա նոր փաստաթուղթ, կա 2011թ. փաստաթուղթն իր սկզբունքներով, որի վրա պետք է աշխատել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց նաեւ, որ Կազանի փաստաթղթից Հայաստանը չի հրաժարվել, այլ Ադրբեջանը, ինչը նշանակում է՝ այս փաստաթուղթը ձեռնտու չէ նախ եւ առաջ Ադրբեջանին եւ այստեղ խոսել միակողմանի զիջումների մասին, իրականության հետ կապ չունի. «Երրորդ, Լավրովը վերահաստատեց, որ Թուրքիան մնում է այն երկիրը, որը կոչ է անում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Նա նույնպես նշեց, որ Թուրքիան անուղղակի տեղ չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:
Լավրովը Հայաստան է ժամանել ապրիլի 21-ին երեկոյան: Այսօր նա համատեղ մամուլի ասուլիս է տվել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հարցին:
Նշենք, որ թե մադրիդյան սկզբունքները, թե Կազանի փաստաթուղթը ենթադրում են հողերի վերադարձ Ադրբեջանին:




























