ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Մաթեւոսյանը, Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհու հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առեւանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել երկու համագյուղացի երիտասարդների հետ։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, վերջինիս դասընկերուհիների ներկայությամբ նրան նստեցրել են երիտասարդներից մեկի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել Անգեղակոթ գյուղի տարածք:
Ըստ քննության տվյալների՝ համագյուղացիները, նկատի ունենալով, որ անչափահաս աղջիկը չի ցանկանում ամուսնանալ Հ.Մաթեւոսյանի հետ, հրաժարվել են շարունակել ճանապարհը դեպի այլ գյուղ, որից հետո Հ. Մաթեւոսյանն աղջկան ժամը 21:30-ի սահմաններում նրա կամքին հակառակ նստեցրել է իր մեկ այլ ծանոթի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել Խնձորեսկ գյուղի տարածք: Անտեսելով աղջկա՝ տուն վերադառնալու խնդրանքը՝ ժամը 23:30-ի սահմաններում երիտասարդը նրան բռնությամբ նստեցրել է տեղանքում իրեն սպասող մեկ այլ անձի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան եւ անչափահասի կամքին հակառակ նրան տեղափոխել իր քրոջ տուն։
Քննությամբ պարզվել է աղջկա առեւանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Մաթեւոսյանին եւ մյուս 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




























