«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը լուսաբանելու համար շուրջ 70-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոց է հավատարմագրված: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր լրագրողների համար պայմաններ են ստեղծված, կա ուղիղ հեռարձակում:

Նրա խոսքով, թեեւ գլոբալ ֆորումը զուտ հայկական օրակարգի քննարկման հարթակ չէ, սակայն այն չի կարող անմասն մնալ ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից, որոնք մոտիկից հիշեցնում են ահաբեկչության ոճը, եւ որի մասին մենք խոսելու ենք ֆորումի ընթացքում:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը չի կարող անտարբերության մատնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, թեեւ ֆորումը աշխարհի ցեղասպանությունների կանխարգելմանն է ուղղված։

Անդրադառնալով հարցին, թե որքանով ֆորումը կարող է օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Սարգսյանը պատասխանել է, որ հրավիրվածների հետ իրենց ելույթների ուղղվածության նախնական քննարկում չենք ունեցել։ «Առաջին ֆորումի արդյունքում ընդունված հռչակագիրը եւ այն նախագիծը, որը պատրաստված է վաղվա ֆորումի համար, լիարժեքորեն անդրադառնում է կանխարգելման բոլոր միջոցներին, իսկ դրանց մեջ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր գործիք են։ Մենք պարզապես վստահ ենք, որ Ցեղասպանությունը, ինչպես պնդում են ցեղասպանագետները, շարունակվում է այնքան, որքան շարունակվում է դրա ժխտումը, որքան շարունակվում է պատմության կեղծումը»։