1994-95 թթ․-ի Զինադադարի մասին եռակողմ պայմանագրի գործունեությունը պետք է վերականգնվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր քննարկվում ապրիլի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Պայմանագիրը խախտվում է, իսկ դրանք կան, գործում են։ Առաջ շարժվելու համար պետք է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը։ Այն նախաձեռնությունները, որոնք ժամանակին եղել են՝ կապված դիպուկահարներին հետ քաշելու հետ, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, պետք է կյանքի կոչվեն։ Բազմիցս ասվել է, որ ակնհայտ է՝ երբ կրակում են, երբ կա կրակելու վտանգ, չի կարող լինել բանակցային նորմալ գործընթաց։ Սա պարտադիր պայման է առաջ շարժվելու համար։ Ավելին, ինքը Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահներն են աշխատելու այս ուղղությամբ, այլև դիմելու են ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիային, որ մեխանիզմների ներդրում լինի»,- նշեց Շավարշ Քոչարյանը։

Հարցին՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում տարածքների վերադարձման հարց քննարկվե՞լ է՝ հաշվի առնելով ռուսական մամուլի պարբերական հրապարակումներն այս մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․«Չէ, պարզ ասացի՝ ինչ է քննարկվել ու ինքն էլ պարզ խոսեց՝ ինչ է խոսվել։ Դուք հղում եք կատարում մամուլին, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների մասին։ Միշտ չէ որ մամուլի պնդումները մոտ են իրականությանը։ Բարի եղեք առաջնորդվել նրանով, ինչ Լավրովն է ասել»։

Ըստ փոխարտգործնախարարի՝ Սերգեյ Լավրովը հղում է կատարել փաստաթղթերին, որոնք կապված են եղել կրակի դադարեցման հետ։ «Կա երկու տարբեր հարթակ։ Առաջինը՝ Մադրիդյան փաստաթղթերը, դրանց շուրջ բանակցությունները, որոնք բերեցին Կազանին, որոնք մերժվեցին Ադրբեջանի կողմից։ Երկրորդը՝ առաջարկություններն են, որոնք կապված են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու հետ։ Խոսքն այն առաջարկների մասին է, որ ներդրվի հետաքննության մեխանիզմը, դադարեցվի կրակը։ Ընդանուր առմամբ, համանախագահների առաջարկած մոդելը ենթադրում է, որ պետք է լինեն այդպես ասած փոխզիջումներ, բայց, բազմիցս ասել եմ, որ Հայաստանը երբեք չի կարող համաձայնել նման քայլի, որովհետև դա Ղարաբաղի տնօրինության տակ է, կարգավորման փաստաթղթի մեծամասնությունը վերաբերում է ԼՂ-ին։ Հայաստանը Ղարաբաղի փոխարեն որևէ հարց չի կարող լուծել՝ լինի դա տարածքների, կարգավիճակի հարց։ Ղարաբաղը պիտի մասնակցի ու իր ասելիքն ասի»,– ասաց նա։