Դատապարտելով հայերի դեմ ոճրագործությունները՝ մեզ կհաջողվի կանխել մարդկության դեմ հետագա հանցագործությունները, մինչ դրանք կվերածվեն լայնածավալ ցեղասպանության: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Ստոկհոլմի համալսարանում ու Շվեդիայի պաշտպանության համալսարանում միջազգային իրավունքի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը՝ ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում:
Շվեդ պրոֆեսորը հիշեցրել է, որ հայերին զանգվածաբար սպանել են կամ տարհանել: «Հայոց ցեղասպանությունը հատուկ դեպք է: Պետք է կարողանանք կանխել նման հանցագործությունների կրկնությունը ապագայում, իսկ դա պայմանավորված է մեր այսօրվա արձագանքով: Պետք է լուրջ վերաբերվենք եզդիների ու այլ էթնիկ խմբերի դեմ «Իսլամական պետության» ցեղասպան քաղաքականությանը»,- շեշտել է Բրինգը: Նրանք ովքեր ողջ են մնացել 1915-ից հետո, շարունակել է նա, թույլ չեն տվել մոռանալ իրենց դեմ կատարված հանցագործությունները: «Այդ հայերը ուզում են ճանաչում ու դատապարտում, ուզում են օգնեն, որ միջազգային համայնքը կանխի նման գործողությունների կրկնությունը»,- նշել է Օվե Բրինգը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցում կարեւորը ոչ թե թվերն են, այլ դիտավորությունը:




























