Հայկական նոր հաշվիչները, որոնք արտադրվում են ռուսաստանյան տեխնոլոգիայով, բաժանորդներին թույլ չեն տա լրիվ առանց լույսի նստել: Այդ մասին ապրիլի  23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման պետական հանձնաժողովի նախագահ (ՀԾԿՀ) Ռոբերտ Նազարյանը` ամփոփելով նախագահի այցը  «Կասկադ – Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի նոր ձեռնարկություն: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել են ձեռնարկության առաջին հաշվիչը:   

Նշենք, որ ձեռնարկության մայր ընկերությունը, ռուսաստանյան  «Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ն փոխկապված է «Հայաստանի էլեկտրացանցերը» կառավարող  «Տաշիր» ընկերության հետ:

Նազարյանը նշել է, որ վերոհիշյալ հաշվիչներն ամբողջությամբ բացառում են կողմնակի որեւէ միջամտություն: Իսկ դրանց ցուցանիշներն ամեն կես ժամը մեկ կթարմացվեն բաժանորդների սմարթֆոններին: Ավելին, կարիքավոր աբոնենտներին  «Էլեկտրացանցերը» վերահսկողության սարքեր կտրամադրեն, որոնք կփոխարինեն սմարթֆոններին: Բացի այդ, նույնիսկ եթե էլեկտրականության վճարումը հետաձգվի, հաշվիչը մի որոշ ժամանակ թույլ կտա գոնե մի լամպ կամ սառնարան միացնել, այսինքն` նվազագույն կարիքների համար:    

Հաշվիչները կարտադրվեն «Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի մայր ընկերության տեխնոլոգիայով, կառավարման համակարգերի համար (SCADA-համակարգեր) ռուսական ծրագրային ապահովմամբ: Նախատեսված է բոլոր էլեկտրական հաշվիչները նորերով փոխարինել մինչեւ  2020 թվականը: Միաժամանակ, ՀԾԿՀ-ն, որպես շուկայի կարգավորիչ, կհետեւի, որ արտադրության մեջ ներդրումները սակագնային նոր բեռ չստեղծեն: