Ռուսական տեխնոլոգիայով աշխատող նոր հաշվիչները կարող են էլեկտրացանցի կորուստները նվազեցնել մինչեւ  5 – 7 տոկոսով: Այդ մասին Երեւանում ապրիլի  23-ին հայտնել է ռուսաստանյան  «Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Կուչերովը` Հայաստանում հաշվիչների արտադրության բացմանը  («Կասկադ – Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկության):

«Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ն փոխկապված է ռուսաստանյան  «Տաշիր» ընկերության հետ, որը կառավարում է «Հայաստանի էլեկտրացանցերը»: Հաշվիչները տվյալներն ավտոմատ կերպով վերաուղարկում են ցանցերի օպերատորի սերվերին եւ պաշտպանված են արտաքին միջամտությունից:  Ռուսաստանում արդեն մոտ 5 մլն նման հաշվիչ է տեղադրվել: Շրջաններում դրանց տեղադրումից հետո ցանցում էլեկտրաէներգիայի կորուստները 25 – 30 տոկոսից կրճատվել են մինչեւ 5 – 7 տոկոս:  

Կուչերովի խոսքով, նախ` նոր հաշվիչներն ավելի ճշգրտորեն են հաշվարկում եւ ավելի երկար են պահում տրամաչափումը ( եթե նախկին ինդուկցիոն հաշվիչների ստուգումների միջեւ դադարը 4 – 6 տարի էր կազմում, նորերինը 16 տարի է), երկրորդ, գործնականում անհնար է փոխել ցուցմունքները: Առաջին փուլում Հայաստանում միայն հավաքումն է իրականացվում (հաշվիչների եւ դրանց համար պահարանների), հետագայում նախատեսված է հիմնակմախքների ձուլում իրականացնել, իսկ հեռանկարում` տեղում արտադրել նաեւ տպագրական պլատաները (կամ էլ համագործակցել Հայաստանում դրանք արտադրողների հետ): Ընկերությունը համանման կառուցվածքով հաշվիչներ է արտադրում նաեւ գազի եւ ջրի համար, եւ աշնանը բանակցություններ կանցկացնի հանրապետությունում բաշխիչ ընկերությունների հետ:  Ծրագրային ապահովումը, որը եւս ընկերության կողմից է մշակվել, թույլ է տալիս մեկ ընթացակարգով տվյալներ հավաքել մի քանի հաշվիչից   (ընդ որում, ոչ միայն էլեկտրոնային հաշվիչներից, այլեւ հին` ինդուկցիոն):