Մարշալ Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ կիրառված բռնությունը երջանիկ պատահականությամբ չվերածվեց արյունահեղության: Այդ մասին ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Աղետալի վերջաբանի ակնհայտ հավանականություն ունեցող անհամաչափ եւ ապօրինի բռնությունը էլ ավելի խորացրեց համատարած հանրային ատելությունը քրեական ռեժիմի նկատմամբ:

Կատարվածը բացահայտեց, որ վարչախումբը.

1. հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը մարդկային, տարածքային եւ  նյութական կորուստների համար,

2. մերժում է բանակը արդիականացնելու եւ վերազինելու նպատակով ժողովրդից թալանած միջոցները վերադարձնելու եւ պետության ձեռքում կենտրոնացնելու հանրային պահանջը,

3. հավատարիմ է մնում տարածքներ զիջելու եւ Արցախում օտար զորքեր տեղակայելու ծրագրին:

Ոստիկանության ղեկավարությունն այդ օրը կանգնած էր օրենքով սահմանված կարգով ժողովրդի պահանջին կամ վարչախմբի դավադրական ծրագրին աջակցելու ընտրության առջեւ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է ոստիկանության պետի եւ մյուս ղեկավարների կատարած ընտրությունը, որով նրանք միացան հայ ժողովրդի դեմ դավադրություն իրականացնող անձանց կազմին եւ պատրաստակամություն դրսեւորեցին մարտիմեկյան արյունալի սցենարով ճնշելու ժողովրդի հավանական դիմադրությունը:

Երկրի համար այս օրհասական պահին ոստիկանության ծառայողներին կոչ ենք անում հավատարիմ մնալ ժողովրդին եւ օրենքին ծառայելու իրենց երդմանը, այլ ոչ՝ իրենց հրամանատարների դավաճանական եւ ապօրինի հրամաններին»: