Սիզրանի ոստիկանության նախկին պետ Անդրեյ Գոշտը գուցե սպանվել է վրիժառության նպատակով` քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից, հայտնում է ՌԵՆ ՏՎ-ն` վկայակոչելով ոստիկանությունում գնդապետի գործընկերներին:
Նրանց խոսքով, Սիզրանում աշխատելու ընթացքում Գոշտն ակտիվորեն պայքարել է հանցավորության դեմ:
Սակայն տեղացի բլոգերը հեռուստաալիքին պատմել է, որ ոստիկանության նախկին պետը սերտորեն կապված էր քրեական աշխարհի հետ: «Տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, անվճար կառուցել էին տեղի օլիգարխները: Նրա ժամանակ [Գոշտի] քաղաքում ծաղկում էր թմրանյութի առեւտուրը եւ ըստ էթնիկական ծագման կազմավորված կազմակերպված հանցավոր խմբերը», — հավելել է բլոգերը:
«Կարդա եւ մտածիր» պարբերականը հայտնում է, որ Իվաշեւկա գյուղում Գոշտի ծնողների տունը, որտեղ կատարվել է հանցագործությունը, զինված էր տեսահսկման տեսախցիկներով, սակայն բոլոր տեսագրություններն անհետացել են:
ՌԵՆ ԹՎ-ի տեղեկությունների համաձայն, ոստիկանին եւ նրա ազգականներին անհայտ անձինք ծեծել են մուրճերով եւ ամրանների կտորներով: Գնդապետի հետ միասին զոհվել է նրա կինը, եղբոր կինը, զարմուհին եւ ծնողները: Բացի այդ, ծանր վնասվածքներ է ստացել 2009 թվականին ծնված աղջիկ, որը հոսպիտալացվել է կոմայի վիճակում:
Գոշտը Սիզրանի ոստիկանությունը ղեկավարել է 2013-ի հունիսից մինչեւ 2015-ի սեպտեմբերը, հետո զբաղեցրել է Սամարայի մարզի ՆԳՆՎ-ի շտաբի պետի տեղակալի պաշտոնը:





























