«Ես հպարտ եմ, որ հայուհի եմ: Եվ հայ կմնամ»: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում ապրիլի 24-ին նման գրառում է արել  12-ամյա Մարինան:

Թանգարանն այսօր այցելուների համար բացել են ժամը 13:00-ին եւ 3 ժամվա ընթացքում արդեն հազար մարդ է այցելել, իսկ թանգարանի հուշամատյանում ավելի քան  50 նոր գրառում է հայտնվել` եբրայերեն, լեհերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ շատ այլ լեզուներով: Որոշ այցելուներ իրենց տպավորությունն են ներկայացրել թանգարանի մասին, մյուսները պատմել են իրենց ընտանիքի եւ հարազատների պատմությունը, որոնք Օսմանյան կայսությունում Ցեղասպանության զոհ են դարձել, երրորդներն էլ Հայաստանին եւ Ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ են գրառել` իրենց եւ ուրիշների: Շատ հայեր եւ նույնիսկ օտարերկրացիներ հեռացել են արցունքոտ աչքերով:  

«Ես Ցեղասպանության ընթացքում զոհված, բայց հավերժ ողջերի թոռ եմ», - գրել է Անահիտը, որը չի նշել իր տարիքը:

«Ես Ցեղասպանություն ապրած հայկական ընտանիքի թոռ եմ: Ես հպարտանում եմ իմ ժողովրդով` ամենալավ եւ բարի», - գրել է Կարինեն:

«Ես պատմաբան եմ եւ կարծում էի, թե հասկանում եմ պատմությունը: Բայց այժմ ես խոսքեր չունեմ: Հետագայում ես իմ աշակերտներին կպատմեմ այս մասին: Հույս ունեմ, որ նման բան այլեւ երբեք չի կրկնվի», - անգլերեն գրել է Ռիան Նիդերլանդներից: 

«Թանգարանն ուղղակի ցնցող է: Շնորհակալություն հիշողության համար» - գրել են հյուրերը Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ այսօր թանգարանի առաջին այցելուներն են դարձել հայտնի դերասան Ջորջ Քլունին, «Aurora Prize» մրցանակի եզրափակիչ անցածները եւ դրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:   

 Հիշեցնենք, որ թանգարանն այսօր կաշխատի մինչեւ  21:00-ը: