Թուրքիայի «Ռասիզմի եւ ազգայնամոլության դեմ պայքարի DurDe» պլատֆորմը, «Ռասիսզմի դեմ պայքարի եվրոպական շարժումը», Թուրքիայի «Մարդու իրավունքների պաշտպանության միությունը» եւ «Նոր Զարթոնքը» Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ու Թուրքիային առերեսվելու կոչ անելու համար հավաքվել են Ստամբուլի Քաբաթաշի կայարանում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական IMCTV-ն, Քաբաթաշում հավաքվածները ձեռքներին ունեցել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ այն ճանաչելու կոչ անող պաստառներ եւ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները։
Մասնակիցները երթով քայլել են Հայդարփաշայի կայարան, որտեղ 1915-ի ապրիլի 24-ին գնացքներով մահվան ուղարկվեցին հայ մտավորականները։
Հավաքվածների անունից հայերեն, թուրքերեն ու անգլերենով հայտարարություն է կարդացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը։ Նա շեշտել է, որ մարդկության դեմ հանցանք հանդիսացող Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակում է հանցանքնը։
Հիշատակի միջոցառման վերջում մասնակիցները կարմիր մեխակներ են ծովը գցել։




























