Ստամբուլի կենտրոնական Թունելի հրապարակում ապրիլի 24-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, սգո միջոցառմանը մասնակցել են ռասիզմի դեմ պայքարի եվրոպական միությունը (EGAM), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հայտնի լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ եւ պատգամավորներ։
Հավաքվածների անունից ելույթով հանդես է եկել թուրք գործիչ Էմել Քուրման՝ շեշտելով, որ 1915-ին ֆիզիկապես ոչնչացվել է 1,5 մլն հայ, իսկ ապրիլի 24-ը այդ կոտորածների սկզբի ամսաթիվն է։ «Ցեղասպանությունը սարսափելի հանցանք է, սակայն այդքան սարսափելի հանցանք էլ այդ ամենը ժխտելն է։ Պահանջում ենք, որ պետությունը հայերից ներողություն խնդրի եւ առերեսվի Ցեղասպանության իրողության հետ»,-ասել է Էմել Քուրման։






























