Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում 73-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահասների կալանքի ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալ, 17-ամյա Դավիթի փաստաբան Արթուր Խաչիկյանը:
Փաստաբանի խոսքով, նախաքննությունը շարունակվում է, դեռեւս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
«Իմ պաշտպանյալը տանիքում խողովակով հարվածել է, մնացած գործողություններին չի մասնակցել: Երբ պարզ կդառնա տարեց կնոջ մահվան պատճառը, մենք կմիջնորդենք, որ համապատասխան որակում տրվի իմ պաշտպանյալի արարքին»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ: Արթուր Խաչիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալը պատմել է, թե այս ամենը սկսվել է, քանի որ 73-ամյա կինն իրենց աշխատանքից գոհ չի եղել եւ հայհոյել է:
Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ 73-ամյա Շուշանիկ Գյուլումյանի դիակի զննությամբ, տուժողի գլխի եւ պարանոցի շրջանում հայտնաբերվել էին վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ. Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Պարզվել էր, որ դեպքի օրը կնոջն են այցելել համագյուղացի երկու երիտասարդ՝ նրա իսկ խնդրանքով վերանորոգելու հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։
Երիտասարդները կնոջ հետ բարձրացել են տան տանիքը, սակայն չեն կարողացել վերանորոգել այն, ինչն առաջացրել է տանտիրուհու զայրույթը՝ պատճառ դառնալով վիճաբանության։
Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին եւ մեջքին, ապա մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։
Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասով:



























