Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանը, նախնական տվյալներով, վրաերթի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

21-ամյա երիտասարդը վրաերթի ենթարկվելուց հետո տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի հանգամանեքները պարզելու համար կատարվել է դպեքի վայրի զննություն, հիվանդանոցից վերցվել են Արա Փափազյանի կոշիկներն ու հագուստը:

Նշենք, որ Արա Փափազյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա եւ 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փարձաքննություններ:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում դեպքի օրը եղանակը լավ է եղել եւ Արան ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության: Արայի ընկերները, որոնց նա հեծանվով գնացել էր տեսնելու, պատմել են, որ այդ օրը Արան հեծանիվը շատ վատ է վարել:  Արա Գաջելյանի խոսքով, ինքն ավելի ուշ  զանգել է Արային, բայց Արան ասել է, որ 20 րոպեից կհասնի տուն եւ կզանգի, բայց այդպես էլ չի զանգել: Հաջորդ օրն իմացել են, որ Արային անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ 21-ամյա Արա Փափազյանը երեք ամիս առաջ էր բանակից եկել, նա ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր: