Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոնում ապրիլի 24-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Եղեգնուտի անտառնտեսության տարածքում:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 911-ի օպերատորը զանգահարել է անտառտնտեսության տնօրենին հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգի մասին տեղեկացնելու: Վերջինը հայտնել է՝ այդ հարցով ավելի ուշ կզբաղվի, «պետերով հաց են ուտում»:

«Մեր օպերատորը, որը 21 տարեկան աղջիկ է, որոշ ժամանակ անց կրկին զանգահարել է տնօրենին, որ տեսնի՝ ինչ է կատարվում, անպատվել են այս աղջկան, տարբեր հայհոյանքներ տվել, ասել մեզ հետ գործ չունես, շատ եք ձեր վրա բան վերցնում ու այլ նման տիպի արտահայտություններ»,-ասել է ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արթուր Չատինյանը, որը եւ միջադեպի մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Մարզպետը փորձել է արդարացնել անտառտնտեսության տնօրենին՝ միեւնույն ժամանակ խոստանալով անդրադառնալ կատարվածին:

«Օպերատորը որ զանգահարել է, երեւի տարածքն է խառնել: Դեպքն ուրիշ անտառտնտեսությունում է եղել: Չնայած կապ չունի, շփոթվել է օպերատորը, չի շփոթվել, տնօրենը պարտավոր էր շնորհակալություն հայտնել ինֆորմացիայի համար: Օպերատորն իր աշխատանքն է անում եւ ավել ոչինչ: Կարելի էր ընդամենը շնորհակալություն հայտնել»,- ասել է Արթուր Նալբանդյանը: