2016թ. հունվարից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանում վերաբնակեցվելու համար դիմել է Հայաստանի տարբեր շրջաններում ապրող 5 ընտանիք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերան շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը: Նրա խոսքով,  Արմավիրի շրջանի Պետրոսյանների 5 հոգանոց ընտանիքն արդեն մի քանի ամիս է բնակվում է Արցախի Ասկերան շրջանի Ուղտասար գյուղում եւս մի քանի ընտանիք դիմել են Ուղտասար եւ մյուս գյուղերում վերաբնակվելու համար:

«Դիմել են, հիմա նախապատրաստական փուլում ենք, փաստաթղթերն ենք պատրաստում, որ ընտանիքներին տեղափոխեն Արցախ: Նաեւ տներ ենք պատրաստում, քանի որ բնակարանային խնդիր կա, ազատ բնակարանային ֆոնդ չկա»,-ասաց նա:

Ավել վաղ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ապրիլի սկբզին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո շատ ընտանիքներ են դիմել Արցախի գյուղերում վերաբնակեցվելու խնդրանքով՝ ապրիլի սկզբից մինչեւ այսօր Քաշաթաղում վերբնակեցվել է արդեն 14 ընտանիք:

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Շահումյան շրջանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալության   պետ Նորիկ Աստվածատրյանն էլ նշել էր, որ ապրիլի 1-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի  Շահումյան շրջանում վերաբնակեցվելու համար դիմել են Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ: