Ռուսաստանը հետաքրքրված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակությամբ, ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի տիրապետող զինված ուժեր ունենան, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 27-ին Միջազգային անվտանգության մոսկովյան V համաժողովին:
«Մենք հետաքրքրված ենք, որ մեր դաշնակիցները եւ գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակությամբ, ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի տիրապետող զինված ուժեր ունենան, որոնք ի վիճակի են հուսալիորեն եւ արդյունավետորեն դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է եւ հասկանալի. ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում,-հայտնել է Շոյգուն:
Նրա խոսքով, ՌԴ Պաշտպանության նախարարությունն իր առաջնահերթությունն է համարում ԱՊՀ-ի հետ ռազմական համագործակցությունը, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի եւ Բելառուսի հետ Դաշնային պետության զարգացումը:
«ԱՊՀ անդամ երկրների հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը, Բելառուսի հետ դաշնային պետության ամրապնդումն անվիճելի առաջնահերթություններ են ռուսական պաշտպանական գերատեսչության միջազգային գործունեության մեջ», — հայտնել է Շոյգուն:
Ռուսաստանի եւ իր դաշնակիցների ընդհանուր խնդիրներից մեկը նա կոչել է ԱՊՀ-ի երկրների տարածքում ահաբեկչության մետաստազների տարածումը թույլ չտալը:
«Ընդհանուր խնդիրներից մեկն է` թույլ չտալ, որ ԱՊՀ-ի երկրների տարածքում տարածվեն ահաբեկչության մետաստազները: Այս համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում Կենտրոնաասիական տարածաշրջանում տագնապալի իրավիճակին, որի զարգացման վրա բացասաբար է ազդում Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքը», — նշել է ռուսաստանյան նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած Միջազգային անվտանգության համաժողովը հինգերորդ անգամ բացվել է Մոսկվայում: Ֆորումին մասնակցում է 80 երկրից 500 հյուր, այդ թվում նաեւ` Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության նախարարի գլխավորությամբ, բանավեճերը կշարունակվեն ապրիլի 27-ին եւ 28-ին:




























