Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համակարգը վերանայվում է միայն այն ժամանակ, երբ դժբախտ դեպք է պատահում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից անմիջապես հետո քաղաքացիները շահարկեցին գազի բալոնի պայթելու վարկածը, իսկ պաշտոնյաները շտապեցին հերքել ավտոբուսի տեխնիկական անսարքությունը։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ քաջատեղյակ են հանրային տրանսպորտի խնդիրներին եւ վատ վերաբերմունք ունեն այս ոլորտի նկատմամբ»-, ասել է ՀԿ նախագահը։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հանրային տրանսպորտի համակարգում ռեֆորմ անելու համար պետական կամք է անհրաժեշտ։

«Պետք է վերացնել լավ գիծ, վատ գիծ հասկացությունը, հաշվի առնել՝ ովքեր են գծատերերը, գծերի եւ շարժակազմի ճիշտ տեղաբաշխում անել»-, ասել է նա։

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հանրային տրանսպորտի համակարգը հնարավոր է բարեփոխել, սակայն միակ խնդիրն այն է, որ գծատերերը «խաղի կանոններ են թելադրում»։

Պիպոյանն առաջարկել է ստեղծել կենտրոնացած տրանսպորտային համակարգ, որից չեն տուժի նաեւ գործող տնտեսվարող սուբյեկտները, նոր անձինք կներգրավվեն ոլորտ։

Պիպոյանը կարեւորել է հին եւ նոր գծատերերի միջեւ հավասարությունը։