Հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ զրոյական է եւ Ընտրական օրենսգիրքը պետք է լուծի նախ այդ հարցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որ հերթական անգամ ընտրություններից հետո չլինի այն հիասթափությունը, որ ընտրությունները նորից կեղծվեցին:
Նրա խոսքով, այս ընտրական օրենսգիրքը այդ մտավախությունները չի փարատում:
«Այս նախագծով մենք անցում չենք կատարում համամասնական համակարգին: Իմ կարծիքով, սա թաքնված մեծամասնական համակարգ է: Գուցե այլ երկրներում դա իդելական է գործում, բայց ՀՀ-ում գործող ավանդույթները թույլ չեն տալիս սա համարել համամասնական համակարգ:
Ինձ զարմացնում էր այն փաստը, որ մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ հետեւողականորեն պնդում էին, որ խառը համակարգն առավել ընդունելի է, դարձան համամասնականի ջատագովներ: Ընտրական օրենսգիրքը ներկայացնելուց հետո ինձ համար ակնհայտ դարձավ, որ միեւնույն է, պաշտպանելով համամասնական համակարգը, նրանց մտքի խորքում նախագծված էին այն մեխանիզմները, թե ինչպես պետք է քողարկել մեծամասնական համակարգը»,-ընդգծեց Էլինար Վարդանյանն ու շարունակեց. «Անունն ինչ էլ դնեք, այս համակարգը թույլ է տալու կրկնել այն բոլոր կեղծիքները, որոնք գոյություն ունեին մեծամասնական համակարգի ժամանակ: Այս համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի թաղային հեղինակությունները հետագայում դառնան խորհրդարանի անդամներ»:
Պատգամավորին մտահոգող հաջորդ հանգամանքը տարածքային կուսակցությունների ստեղծումն է: «Մենք քաղաքական գործընթացները տեղափոխելու են կլանային, թաղային հարաբերություններ: Այսուհետ ընտրությունները լինելու են ոչ թե կուսակցությունների, այլ մայլաների ու թաղերի միջեւ»,-ասաց նա:




























