100 տոկոսանոց մաքուր ընտրակարգն ամենա ոչժողովրդավարականն է եւ լավ է, որ դա չի ներկայացված այս նախագծում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա որեւէ տեղ չտանող ճանապարհ է:

Նրա խոսքով, «մաքուր» համամասնական համակարգի դեպքում ընտրում ենք ոչ թե կուսակցությունենրին, այլ այդ կուսակցությունների էլիտաներին, որոնք պետք է նշանակեն պատգամավորներին:

«Այլ հարց է, որ այսօր կուսակցությունները չունեն այնդքան ռեսուրսներ, որ տվյալ տարածքներում բազմաթիվ անցողիկ թեկնածուներ ունենան, բայց դա այլ խնդիր է: Պետք է ունենալ եւ անցողիկ թեկնածուների մեծ բանակ, եւ վստահված անձանց մեծ բանակ: Քանի դեռ այդ խնդիրը չեն լուծել, ինչ ընտրական օրենսգիրք էլ լինի, խնդիրները կմնան»,-ասաց նա:

Լեւոն Մարտիրոսյանը նկատց, որ տեխնիկական առումով հասել ենք կատարելության, բայց դրանից ընտրությունների նկատմամբ վստահությունը չի բարձրանում, որովհետեւ կուսակցությունների լիազոր անձինք վստահություն չեն ներշնչել հասարակության մեջ:

«Փաշինյանի կուսակցությունը խոսում է այն մասին, որ պետք է վստահված անձանց մեծ բանակ ունենալ: Դա ճիշտ մոտեցում է, եթե դա չլինի, եթե որեւէ կուսակցություն չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, որեւէ բան չի կարող փոխվել վստահության առումով: Այս օրենսգիրքը տալիս է մի մեծ դրական հնարավորություն՝ խոշորանալու, միավորվելու, ընդհանուր ռեսուրսով հանդես գալու առումով»,-ընդգծել է Մարտիրոսյանը: