Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիան կարող է ստեղծվել կարճ ժամանակում` բոլոր շահագրգիռ պետությունների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում: Նվազագույն առաջադրանքն այժմ տարածաշրջանային մակարդակում ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակների ստեղծումն է: Այդ մասին հայտնել է Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ելույթ ունենալով Մոսկվայում Անվտանգության միջազգային համաժողովին:
«Մեր առջեւ այժմ հարց չի դրված` պայքարել, թե չպայքարել ահաբեկչության դեմ: Մասնագետները գիտեն, թե ինչպես է պետք անել դա: Հարցն այն է, թե ինչպես լայն կոալիցիա ստեղծել եւ ինչ հիմքի վրա ստեղծել այդ կոալիցիան», — ասել է նա:
Նրա խոսքով, այդ առաջադրանքը կարող է լուծվել առաջին փուլում «անվտանգության հարցերում մասնագիտացած միջազգային կազմակերպությունների ցանցային համագործակցության ուղիով, ՄԱԿ-ի խիստ վերահսկողությամբ»:
«Դրանք են ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, АСЕАН-ն, դա Կարիբյան ավազանի եւ Հարավային Ամերիկայի երկրների կազմակերպությունն է, Աֆրիկյան միությունը, որոնք իրենց տարածաշրջաններում կստանձնեին ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համակարգումը», — հավելել է Բորդյուժան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նվազագույն առաջադրանքը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, տարածաշրջանային մակարդակում ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակների ստեղծումն է, որոնց չեզոքացման ուղղությամբ պետությունները պիտի միջոցներ ձեռնարկեն:




























