Անցած տարվա օգոստոսին էքստրասենս Անի Դավթյանի սպանության գործով յոթ վկաներն այսօր` ապրիլի 28-ին, դատարան չէին ներկայացել:
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գրություն էր ստացվել, որ այդ վկաները Հայաստանի Հանրապետությունից բացակայում են:
Այսօրվա նիստում վկայություն տվեց վկա Աշխեն Գեւորգյանը, որը ոչ ամբաստանյալին, ոչ սպանվածին չի ճանաչել:
«Ես դեղատանն եմ աշխատում, դեղագործ եմ, մի օր մի աղջիկ եկավ, ձեռնոց գնեց ու գնաց: Դրանից հետո ոստիկանությունից եկան, հանեցին ձայնագրությունը եւ տեսան, որ այդ աղջիկը մեր դեղատնից ձեռնոց է գնել»,- ասաց Աշխեն Գեւորգյանը:
Նշենք, որ այդ աղջիկը Աննա Միսակյանն է, որը նույնպես գործով վկա է անցնում: Ապրիլի 14-ին, Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Աննա Միսակյանը իր ցուցմունքում նշել էր, որ սպանության օրը եղել է ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի հետ եւ որ նա է սպանել Անի Մաջնունյանին:
«Հասանք Մուշեղենց բնակարան, նա փոխվեց, գրպանից հանեց ձեռնոցն ու դանակի կոթը, այրեց, ու մոխիրը դրեց իմ պայուսակի մեջ: Հետո կանչեց հարեւանին` Բադոյին, եւ մի պատմություն հնարեց, իբր իրենց միջանցքում երկու հոգի ահաբեկել են, ասել են, որ խելոք պահի, թե չէ կվնասեն իր սիրած աղջկան` Լիլիթին: ՈՒ քանի որ շատ հոգնած էր, քնեց բազմոցին»,- ասել էր Աննա Միսակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:



























