Էքստրասենս Գաբրիել Փանյանն անցած տարվա օգոստոսի 4-ին պետք է մի աղջկա հետ գնար էքստրասենս Անի Մաջնունյանի տուն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չի գնացել, իսկ հաջորդ երեկոյան էլ իմացել է արդեն նրա սպանության մասին:

«Այդ աղջիկը մեր ընդհանուր ծանոթն էր, թալիսմանի հետ կապված խնդիր ուներ, ես էլ Անիին ասել էի, որ ընդուներ: Ես էլ պիտի գնայի, սակայն չգնացի, գործեր ունեի: Արդեն օգոստոսի 5-ին երեկոյան ոստիկանները եկել են, ես իմացա, որ Անիին սպանել են»,- այս մասին այսօր` ապրիլի 28-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անի Մաջնունյանի սպանության գործով նիստին իր ցուցմունքում նշեց Գաբրիել Փանյանը:

Վկան պատմեց, որ ինքն ու Անին 6-7 տարի միասին ապրել են քաղաքացիական ամուսնությամբ, ապա շարունակել արդեն ընկերական հարաբերությունները. «Անին շատ բարի մարդ էր, շատերին էր օգնում, շատերին էր հասնում: Մենք երկու- երեք ամիսը մեկ հանդիպում էինք կամ հեռախոսով խոսում; Սա մինչեւ «Վեցերորդ զգայարան» հաղորդումը, որտեղ միասին աշխատել ենք»:

Գաբրիել Փանյանի խոսքով` ինքն ի սկզբանե կասկածում էր երկու անձի` այն աղջկան, որին ինքը միջնորդել էր, որ ընդուներ Անի Մաջնունյանը, եւ այն տղամարդը, որն Անիին մեծ գումար էր պարտք:

«Աշոտ Անտոնյանին Անին պարտքով գումար էր տվել: 4500 ԱՄՆ դոլար էր պարտք Անիին: մլն դրամ էր: Հենց ամսի 5-6-ին նրան տարել էի ոստիկանության բաժին: Այդ Աշոտը խնդիրներ ուներ թե Դուբայում, թե Հայաստանում: Այդ ամենը գիտեմ, որովհետեւ Աշոտին Անին ուղարկել էր ինձ մոտ, թե բախտը նայի, տես` ինչ կա: Եկավ Աշոտը, պատմեց իր խնդիրների մասին, ես էլ ասացի` պարտք ես, պիտի փակես: Մյուս կասկածյալը Մարիամն է, այն աղջիկը, որին ես ուղարկել էի Անիի մոտ: Նա բավականին անադեկվատ մարդ էր: Երբ դեպքից հետո խոսեցի Մարիամի հետ, նա ասաց, որ եթե իմանար, չէր գնա այնտեղ»,- պատմեց էքստրասենսը:

Գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հարցին, թե դուք հաստատապես նշում եք, որ Անիի սպանության մեջ կասկածում եք այդ երկու անձանց, Գաբրիել Փանյանը պատասխանեց. «Սպանելու համար կամ հստակ մոտիվ պիտի ունենար, կամ պետք է գիժ լիներ»:

Գաբրիել Փանյանը նշեց նաեւ, որ իրեն տեղյակ չէ, թե ով է սպանել Անի Մաջնունյանին:

Նշենք, որ դատավոր Վարդան Աբրահամյանը վկային հորդորեց խոսել միայն այն մասին, ինչն իրեն հայտնի է, իսկ մնացածը` կասի հաղորդաշարի ժամանակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 4-ին: