Երեւանի թիվ 92 մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձեւավորված հատված է բացվել, որին ներկա է եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարները, «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք եւ բազմաթիվ հյուրեր:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

«Իսկապես գնահատանքի է արժանի բոլոր այն պետական ու միջազգային կառույցների հետեւողական աշխատանքն ու հաջողված համագործակցությունը, ինչի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունեցանք մայրաքաղաքում բացել նմանատիպ կենտրոն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Մեր փոքրիկներն իրենց հասակակիցների միջավայրում լիարժեք ինտեգրման հնարավորություն պետք է ունենան եւ մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Երեւանում կարողնանք ստեղծել ներառական կրթության մի քանի նմանատիպ կենտրոններ: Համոզված եմ այս ծրագիրը լինելու է շարունակական եւ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել դրա կյանքի կոչմանը», - ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հյուրերի հետ միասին շրջել են խմբասենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղված պայմաններին:

Մանկապարտեզում գործում է նաեւ վերականգնողական կենտրոն: Փոքրիկների հետ կաշխատեն վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ: