ԱԺ ՕԵԿ խմբակցությունը հստակ որոշել էր Ընտրական օրենսգրքի նախագծին առաջին ընթերցումից հետո դեմ քվեարակել, սակայն որոշեցինք բոյկոտել, որովհետեւ խախտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նա պնդեց, թե մինչեւ քվեարկությունը իրենք դեմ քվեարկելու հստակ դիրքորոշում են ունեցել եւ միայն ընթացքում հանպատրաստից որոշվել է բոյկոտել։

«Մենք ուզում էինք մեր ընդհանուր կարծիքը հայտնեինք, որից հետո որոշում կայացնեինք, սակայն  մեզ թույլ չտվեցին: Մենք գտանք, որ այդ պահին չմասնակցելն ավելի ճիշտ էր, քանի որ խախտվեց կանոնակարգ-օրենքը»,-ասաց Բիշարյանը:

«Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է  որոշում իր անելիքը։ Մենք ունեինք մեր հստակ մոտեցումը՝ դեմ  քվեարկել, բայց պարզապես  որ մեզ չլսեցին, մենք ընդհանրապես չմասնակցեցինք»,-ասա Բիշարյանը՜ հավելելով, որ դիրքորոշման փոփոխության  հետ կապված որեւէ մեկից ճնշում կամ նախազգուշացում չի եղել։

Նշենք, որ ՕԵԿ-ի բոյկոտից հետո Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությանը արձանագրվեց ընդամենը 9 դեմ, ինչն էլ հիմք է տվել ՀՀԿ-ականներին պնդելու, որ քվեարկության այդ պատկերը (96 կողմ, 9 դեմ, 5 4եռնպահ) նախագծի շուրջ կոնսենսուսի արտացոլանքն է։