Այսօր` սեպտեմբերի 29-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՀ) մի քանի որոշումներով տուգանքներ է նշանակել Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ՝ տուգանքների չափը կազմել է 5 մլն դրամ (13,5 հազ. դոլար)։ Սա բացառիկ երեւույթ է Հանձնաժողովի պատմության ընթացքում, նույնիսկ անբարեխիղճ մրցակցությամբ հայտնի «Ալեքս Գրիգը» երբեւէ նման խոշոր տուգանքների չի ենթարկվել։ Հավանաբար՝ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին զայրացրել է թռչնաբուծարանի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի մամուլում հնչեցրած քննադատություններն իր հասցեին։

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հիմնական «մեղքը» ձվերի մակնշում չիրականացնելն է։ Նիստի ընթացքում թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանի առջեւ ի ցույց դրեցին այլ արտադրողների մակնշած ձվերը։ Սակայն Մ. Եփրեմյանը խնդրեց Հանձնաժողովին՝ կարդալ այդ մակնշումները, եւ նույնիսկ խոստացավ խոշոր պարգեւ նշանակել, եթե որեւէ մեկին դա կհաջողվի։ Իրականում՝ Երեւանի եւ Արզնու թռչնաֆաբրիկաների արտադրած ձվերի վրա մակնշումները ընթեռնելի չէին այն աստիճան, որ դրանց առկայությունը սպառողին ոչինչ չի տալիս։ Այս հանգամանքը հերթական անգամ մտորելու տեղիք է տալիս, թե որքանո՞վ Հանձնաժողովը հավասար վերաբերմունք է ցուցաբերում նույն շուկայի տարբեր սուբյեկտների նկատմամբ։

Մ. Եփրեմյանի խոսքով՝ Հայաստանում առաջինը Լուսակերտում է սկսվել ձվի մակնշման գործընթացը։ Սակայն մայիսին ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել դրանից՝ քանի որ մրցակիցները մակնշում չէին կատարում, իսկ սպառողները նախընտրում են չմակնշած ձվերը, չիմանալով, որ յոդացված ձուն առնվազն 4 ամսվա պիտանելիության ժամկետ ունի։ Հիմա, երբ մյուս ընկերությունները մակնշում են իրենց արտադրանք, Լուսակերտը եւս սկսել է նույնը կատարել, սակայն՝ ուշացումով։ Իսկ ուշացումը Եփրեմյանը պատճառաբանեց նրանով, որ Հանձնաժողովը «երկնքից իջեցված ժամկետ էր դրել՝ 20 օր»։