ՌԴ-ի կառավարությունը հաստատել է ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից արտասահմանից ֆինանսական միջոցներ ստանալու վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կանոնները, ասված է չորեքշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հրապարակված որոշման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Փաստաթղթի համաձայն, ԶԼՄ-ները պարտավոր են էլեկտրոնային եղանակով Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությանը տեղյակ պահել օտար պետությունից, միջազգային կազմակերպությունից, օտարերկրյա գործակալի գործառույթ կատարող ՀԿ-ից, քաղաքացիություն չունեցող անձից կամ ռուսական այնպիսի կազմակերպությունից դրամական միջոցներ ստանալու դեպքում, որի մասնակիցները կամ հիմնադիրները վերոհիշյալ անձինք են: 

Տրամադրվող տեղեկությունները ներառում են, ի թիվս այլ բաների, ստացողի անունը, ստացողի հաշիվների տվյալները, տեղեկատվություն փողի ստացման հիմքի մասին, վճարային փաստաթղթերի տվյալները: 

Այդ տվյալները, հաստատված կանոնների համաձայն, տրամադրվում են եռամսյակը մեկ, ոչ ուշ, քան եռամսյակին հետեւող ամսի տասին, էլեկտրոնային եղանակով իրազեկման միջոցով, որը գրանցվում է ստացման օրը:  Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունն իր հերթին երկու աշխատանքային օրվա ընթացքում ԶԼՄ-ներին ուղարկում է իրազեկման ստացման էլեկտրոնային հաստատում: