ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրելու են մինչեւ 2012թ. համատեղ գործողությունների պլանը 4 հիմնական ուղղություններով՝ համալիր առեւտրա-տնտեսական, Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեության, հիդրոէներգետիկայի, ՌԱՕ ԵԷՍ-ի աշխատանքի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վերահսկիչ կառույցները վաղուց են համագործակցում, երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: «Ճիշտ է, ձեր մոտ շատ հաճախ են փոխվում Վերահսկիչ պալատի ղեկավարները, քան Ռուսաստանում, բայց այդուհանդերձ»,- նկատել է Ստեպաշինը: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցից հետո վերահսկիչ պալատների գործը շատացել է եւ «եւ դա շատ լավ է»:
Հարցին, թե քննարկվելո՞ւ է, արդյոք, հակակոռուպցիոն ծրագիրը Երեւանում, Ստեպաշինը պատասխանել է. «Ինչ քննարկելու բան կա, կաշառակերներին պետք է ուղղակի բռնել եւ նստեցնել, առավել եւս որ նրանք կան եւ մեր, եւ ձեր մոտ, առավել եւս Մոսկվայում էլ բավական թվով հայ կաշառակերներ կան»:
Նշենք, որ սյսօր` սեպտեմբերի 29-ին, Երեւանում պաշտոնապես բացվել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը:
Մասնակիցներն այսօր հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ սեպտեմբերի 30-ին կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:



























