Իր գործունեության 10 տարիների ընթացքում Grand Candy ընկերությունը ստեղծել է 2000 աշխատատեղ. արդյունաբերության ոլորտում մեր ընկերության կոլեկտիվն ամենամեծն է հանրապետությունում։ Սեպտեմբերի 29-ին Grand Candy ընկերությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով, գործունեության տասը տարիների ընթացքում Grand Candy-ն պետբյուջե վճարել է շուրջ 12 մլրդ դրամ հարկեր եւ տուրքեր։ Ընկերությունում կատարվել է մոտ 11 մլրդ դրամի ներդրում։ «Այս ընթացքում արտադրանքի տեսականին հասցրել ենք 350-ի։ Բացի այդ, այս տարի ընկերությունում բացվել է նոր՝ խմորեղենի արտադրամաս, ինչը հնարավորություն է տվել ստեղծել եւս 200 աշխատատեղ։ Մեր նպատակն է ամեն տարի մեկ նոր արտադրամաս բացել, եւ գալիք 10 տարիների ընթացքում ստեղծել եւս 2000 նոր աշխատատեղ՝ 2020 թվականին մեր աշխատակիցների թիվը հասցնելով 4000-ի»,- նշեց ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը։
Նրա տեղեկացմամբ, խմորեղենի նորաբաց արտադրաասում արտադրվելու են 20 տեսակի թխվածքներ, 30 տեսակի տորթեր։ «Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանք փոքր են։ Մեր արտաքին շուկայի 80 տոկոսը կազմում է Վրաստանը, տարեկան 250 հազար դոլարի արտահանում է իրականացվում։ Այն երկրները, որտեղ փորձում ենք արտահանում իրականացնել, բախվում ենք պետական, չերեւացող պրոտեկցիոնիզմի, որովհետեւ նրանք, ի տարբերություն մեզ, պաշտպանում են իրենց շուկաները»,- ասաց Կարեն Վարդանյանը։ Նրա պնդմամբ, իրենց ընկերության նպատակն է, որ բացի Grand Candy-ից, ոլորտում առկա մյուս ընկերությունները եւս ավելացնեն իրենց արտադրանքի ծավալները՝ այսպիսով նվազեցնելով ներմուծումը եւ ավելացնելով աշխատատեղերը։ «Իսկ աշխատավարձերի մասով կարող եմ ասել, որ մեզ մոտ այն միջինից բարձր է՝ ամենաբարձրը սննդի արդյունաբերությունում»,- հավաստիացրեց ԱԺ պատգամավորը՝ միաժամանակ նշելով, որ աշխատավարձերի չափը կոմերցիոն գաղտնիք է։
Նշենք, որ Grand Candy ընկերությունում շրջայցին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։





























