NEWS.am-ը զրուցել է Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանի հետ:
Պրն Եփրեմյան, ինչո՞վ է պայմանավորված ձվի գնի բարձրացումը։
«Ձվի գնի բարձրացում» հասկացությունը ես չեմ ընդունում, որովհետեւ կա ռեալ գին։ Ապրանքը պետք է վաճառվի այն գնով, որ փակի արտադրական եւ վարչական ծախսերը, եւ հնարավորություն տա միջոցներ ուղղել ձեռնարկության զարգացմանը։ Այսօր մեր միջին բացթողնման գինը 36 դրամ է, որը, ճիշտ է, փակում է արտադրական ծախսերը, բայց ընդհանուր ծախսերը դեռ չի փակում։ Միայն կերային շուկայում՝ հատիկային, եգիպտացորենի շուկայում, գները բարձրացվեցին մոտ 50 տոկոսով։ Մենք ունենք այդ սահմանագիծը՝ 42 դրամ, որից բարձր գնի դեպքում միայն կունենանք բարգավաճ թռչնաֆաբրիկա։
Այսինքն՝ բացթողնման գինը կրկին բարձրացնելո՞ւ եք։
Այո, որովհետեւ ես պետք է մտածեմ ոչ միայն սպառողին էժան ապրանք հասցնելու, այլեւ իմ աշխատողների կենսական պայմանները բավարարելու մասին:
Շուկայի մրցակցությունը ձեզ թույլ կտա՞ գին բարձրացնել։
Ասեմ, որ «մրցակցուություն» գաղափարը ըստ էության չեմ ընդունում։ Գուցե դա սուբյեկտիվ կարծիք է, սակայն իմ աշխատակիցներն էլ գիտեն, որ Եփրեմյանները ոչ մեկի հետ չեն համեմատվում։ Մենք անում ենք այն, ինչը տվյալ պահին բխում է մեր սպառողների, աշխատակիցների եւ պետության շահերից։ Այսօր կարող եմ ասել, որ նման գործելակերպի արդյունքում ունենք ամբողջովին կատարված հարկային պարտավորություններ, ընդհանրապես ապառքներ չունենք, եւ փորձում ենք պետության հետ համագործակցել։
Ճի՞շտ է, որ բանակը հրաժարվել է ձեզանից ձու գնել։
Բանակը, ճիշտն ասած, չի հրաժարվել, ուղղակի մենք բանակին տվյալ դեպքում, թող ներեն մեզ բանակայինները, նայում ենք ոչ թե որպես հայրենիքի պաշտպանի, այլ որպես հաճախորդի։ Եթե ես չեմ կարողանում հաճախորդի պայմանները բավարարել, իսկ հաճախորդը չի ընդունում իմ պայմանները, ես գտնում եմ, որ դա լրիվ բնական է։
Ե՞րբ եք պատրաստվում գինը բարձրացնել։
Մեզ մոտ այդ իրավունքը տրված է կոլեկտիվին, եւ ինքը՝ կոլեկտիվն է որոշելու, թե գներն ինչքան եւ երբ բարձրացնեն։ Առաջին հերթին դա իրացման դեպարտամենտի եւ իրացնողի որոշումն է։ Ասեմ, որ վաղը ժամը 12,00-ին պետք է լինի ընդհանուր ժողով, որի ընթացքում կոնկրետ կհայտարարվեն գները։ Մեր price list-ը դրված է մեր կայք էջում։
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը





























