Ճգնաժամային շրջանում շատ կարեւոր է աճի նոր թիրախներ հայտնաբերել, հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք ունեն ե՛ւ ներմուծման փոխարինման ունակություն, ե՛ւ իրենց մեջ պարունակում են արտահանման ներուժ։ Սեպտեմբերի 29-ին Grand Candy ընկերությունում կազմակերպված շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ինքն ու հանրապետության նախագահը շրջայցի համար ընտրել են հենց այս ձեռնարկությունը, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Սա այն ընկերություններից է, որը գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ կարողանում է եւ որակի, եւ ապրանքների ներկայացման առումով շուկայում ընդլայնել իր դիրքերը։ Այս ընկերությունը բավականին լավ ցուցանիշներ է ունեցել անգամ ճգնաժամի տարիներին։ Աճի ցուցանիշները լավ են նաեւ այս տարի։ Խնդիրն այն է, որ սա աշխատատար ճյուղ է եւ զարգացման մեծ հեռանակարներ ունենալով՝ բավականին մեծ զբաղվածություն է ապահովում»:
Նրա խոսքով, Հայաստանն ունի մեծ ներուժ՝ սննդամթերք արտադրելու եւ վերամշակելու արվեստը տարածել ողջ աշխարհով մեկ։ «Ուղղակի դրա համար ժամանակ եւ հետեւողական աշխատանք է պետք, ինչին եւ ձեռնամուխ է եղել Grand Candy ընկերությունը»,- համոզմունք հայտնեց Երիցյանը։
Ըստ նրա, Հայաստանում կան մի քանի ձեռնարկություններ, որոնք բավական հաջող կերպով արտահանում են իենց արտադրանքը։ «Վերջերս, երբ բելգիացի ձեռներեցները Հայաստանում էին, տեղական ընկերություններից մեկի հետ համատեղ ձեռնարկություն հիմնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց»,-տեղեկացրեց նա։
Անդրադառնալով արտահանման թեմային Երիցյանը նկատեց, որ դրա վերաբերյալ մեր գիտելիքները բավարար չեն։ «Պետությունը հատուկ մեխանիզմների եւ զարգացման գործակալության միջոցով սկսել է աջակցել ընկերություններին, իսկ ներկրման մասին կարող եմ աել, որ աշխարհում ապրանքներն այնքան բազմազան են եւ ճաշակներն այնքան տարբեր, որ չես կարող ներմուծումը կանգնեցնել։ Դրա համար մենք պետք է ավելացնենք մեր արտադրության բազմազանությունը եւ հասկանանք, թե ինչպես է պետք դրսի շուկաներում վաճառել մեր արտադրանքը։ Դրսում որեւէ բան վաճառելը թանկ հաճույք է»,- նկատեց էկոնոմիկայի նախարարը։ Նրա կարծիքով, Հայաստանում արտադրվող ապրանքների որակի գործում մենք դեռ անելիքներ ունենք։ «Բարեփոխումներն արդեն իսկ հրապարակել ենք, եւ մեկ-երկու տարիների ընթացքում կունենաք որակի վերահսկման համակարգ, որ արտադրողը վստահ լինի,որ որակի մասով որեւէ խնդիր չի ունենա։ Որակի ստանդարտ շեմը պետք է բարձրանա»,- ամփոփեց նախարարը։




























