Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կախված կլինի Ադրբեջանի ղեկավարության կառուցողականությունից։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացին։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ դա շատ կարեւոր գործընթաց է։ «Դա չի նշանակում անհապաղ ճանաչում, բայց այն, որ գործընթացն ընթանում է, շատ կարեւոր է։ Առաջին հերթին դա վկայում է Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ձգտումների մասին։ Երեւանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչվի, եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի։ Այդպիսով՝ գործընթացը կախված կլինի Ադրբեջանի կառուցողականությունից։ Եթե Իլհամ Ալիեւը եւ նրա թիմը դիմեն հերթական արկածախնդրությանը, ԼՂՀ անկախությունը կճանաչվի։

Դա նաեւ ուղերձ է միջազգային հանրությանը, որ խաղաղության եւ կայունության մեր  ձգտումների հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող կասկածի տակ դրվել ապագայում»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն, այսօր՝ մայիսի 5-ին, իր նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: