Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցման ռեժիմով Ազգային ժողովին կներկայացվի հերթական քառօրյայի ժամանակ՝ մայիսի 16-19-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Ամենայն հավանականությամբ կներկայացնենք հաջորդ քառօրյային, բնականաբար, հաջորդ ուրբաթ կլինի մեր հանձնաժողովի նիստը, որտեղ կհաստատվի նախագիծը: Մինչեւ այս աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել, հոդված առ հոդված քննարկվել է»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ինքը կարծում է՝ մինչեւ Սահմանադրությամբ սահմանված ժամկետը՝ հունիսի 1-ը, ընտրական օրենսգիրքը կընդունվի:
«Երկրորդից երրորդ ընթերցումներին ընդամենը խմբագրական փոփոխությունների է ենթարկվելու ընտրական օրենսգիրքը, բովանդակային փոփոխության իրավունք չկա: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, 24-ժամյա ռեժիմ կսահմանի երկրորդից երրորդ ընթերցում, մինչեւ հունիսի 1-ը կհասցնենք»,- ասաց նա:



























